ՈՒկրաինաի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն Եվրոպական միությանը կոչ է արել նոյեմբերի 29-ին ստորագրել ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ընդ որում, Յուշչենկոն ակնարկել է, որ Եվրոպան հրաժարվի իր պահանջներից` համաձայնագրի ստորագրման համար առաջադրված պայմանների կատարման առումով: ՈՒկրաինայի նախկին նախագահը նշել է նաև, թե վերջին օրերին նկատելի է, որ Ռուսաստանի ազդեցությամբ ՈՒկրաինան հեռանում է եվրաինտեգրման քաղաքականությունից և եթե չստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, մեկ-երկու օր հետո Մաքսային միությունը կուլ կտա ՈՒկրաինային: Այսպիսով, ՈՒկրաինայի նախկին նախագահը ցույց է տալիս, որ մտահոգված է իր երկրի ճակատագրով և փորձում է եթե ոչ գործող իշխանությունների հետ երկխոսելու, ապա գոնե Եվրոպային համոզելու միջոցով ՈՒկրաինային հետ պահել ճակատագրական սխալից: Եթե փաստը զուգահեռենք մեր իրականությանը, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի նախկին նախագահներից ոչ մեկը Հայաստանի` ՄՄ մտնելու հետ կապված մտահոգություն չունի: Նույնիսկ կարելի է ենթադրել, որ նրանք իրենց լռությամբ ողջունում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը: Մինչ այսօր ոչ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը հստակ չեն ասել, թե Հայաստանը որ քաղաքատնտեսական միջավայրում են տեսնում: Ստացվում է, որ կամ մեր նախկինները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա, կամ նրանք նույն ռուսամետ գծի կողմնակիցն են, ինչը որ այսօր գործող նախագահի արտաքին քաղաքական առանցքն է կազմում, կամ էլ պարզապես այս պահին նրանց համար չեզոք դիրք գրավելը ամենահարմար «պոզան» է: Ի դեպ, չեզոքությունն էլ կարելի կարծիք համարել, ինչպես որ քվե է համարվում «ձեռնպահը»: Պատմությունը, սակայն, անողոք է և, որպես կանոն, տրամաբանության նույն օրենքով սրբագրում է թե ձեռնպահներին, թե չեզոքներին:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ